Կորեայում ընդունված չէ փողոցում մոտենալ և ծանոթանալ դուր եկած մարդու հետ: Հարց. իսկ ինչպե՞ս են նրանք ծանոթանում և ընկերանում: Քանի որ ամուսնությունը (դե ընկերությունն “օրենքով” պետք է նախորդի դրան) շատ լուրջ և անհրաժեշտ թեմա է, առաջին հերթին այդ հարցով մտահոգվում են ծնողները և հարազատները: Նրանք, ձեռք բերելով նախօրոք երկկողմանի պայմանավորվածություն, երիտասարդների (և ոչ միայն) համար կազմակերպում են կույր ժամադրություններ (blind dates), որտեղ տղան և աղջիկը առաջին անգամ են միմյանց տեսնում: Եթե հավանում են, ամեն ինչ տեղափոխվում է ուրիշ դաշտ: Նման տիպի հանդիպումներ կարող են նաև ընկերները կազմակերպել ^^ Սակայն ընկերական միջավայրում ավելի շատ ընդունված են խմբակային հանդիպումները, որի ընթացքում մի հաճելի վայրում հավաքվում են հավասար քանակի աղջիկներ և տղաներ: Հավաքի վերջում տղան իրեն դուր եկած աղջկան մոտենում է առաջարկությամբ և եթե համակրանքը փոխադարձ է, ապա նրանք սկսում են հանդիպել: Եվ երրորդ ամենանորաձև և ամենաերիտասարդական տարբերակն է համացանցով ծանոթությունը, բայց այս պարագայում պարտադիր է զգուշավորությունը, քանի որ համացանցը լի է ամեն տեսակի այլասերվածներով:
Մեզ համար ժամադրությունը այն է, երբ պոտենցիալ զույգը հանդիպում է, համատեղ ժամանակ է անց կացնում, որի ընթացքում կարող են գնահատել միմյանց արժանիքները, փորձել ավելի մոտիկից ծանոթանալ: Կորեայում, եթե դու գնում ես ժամադրության, դա հարաբերություններ սկսելու նշան է: Առաջին ժամադրությունից հետո ենթադրվում է, որ զույգը հարաբերությունների մեջ է:
Եթե կորեացի տղան Ձեզ ինչ-որ տեղ է հրավիրում, մտածեք մի քանի անգամ, համաձայնվելուց առաջ, քանի որ տեղ հրավիրելը նշանակում է, որ Դուք նրա դուրը գալիս եք, իսկ հրավերն ընդունելը կնշանակի նաև, որ Դուք համաձայն եք նրա ընկերուհին լինել:
Ժամադրության ժամանակ տղամարդը ծախսերը վերցնում է իր վրա:Համարյա միշտ տղան տանում է ընկերուհու պայուսակը: Հաճախ կարելի է տեսնել տղաների, ովքեր խանութներում, դպրոցում, փողոցում, մետրոյում և այլուր իրենց ձեռքում պահում են ընկերուհու պայուսակը:
Կորեացի աղջիկը սովորաբար ժամադրությունների ժամանակ իր հետ տանում է մտերիմ ընկերուհուն, հատկապես, երբ նոր է սկսում հանդիպել տղայի հետ: Բացի այդ ինչպես ասվեց վերևում, Կորեայում հաճախ ժամադրությունների գնում են մեծ խմբերով: Ժամադրությունների ժամանակ զույգը պետք է ուշադիր լինի իրենց ուղեկցող ընկերների նկատմամբ: Եթե նույնիսկ հարաբերությունները գտնվում են ծաղկման շրջանում, նրանք մանավանդ նմանատիպ խմբակային ժամադրությունների ժամնանակ չպետք է հրապարակավ ցուցադրեն իրենց զգացմունքները համբուրվելու, միմյանց գրկելու, կամ ձեռք բռնելու միջոցով: Դա համարվում է անքաղաքավարություն և անամոթություն:
Կորեայում զույգերը սկսում են հանդիպել միջին դասարաններում: Այնուամենայնիվ “համբուրվելու փուլը” սկսվում է քոլեջում: Վատ հեղինակություն ձեռք բերելուց խուսափելու համար սկզբնական շրջանում ժամադրությունները անպայման պետք է լինեն ընկերների մասնակցությամբ:
Խմբակային ժամադրությունների ժամանակ երիտասարդները գնում են ֆիլմեր դիտելու,կարաոկե ակումբներ, բոուլինգ խաղալու, բարեր, այգիներ, զվարճանքի կենտրոններ և այլն:Որոշ ժամանակ ընկերների ուղեկցությամբ ժամադրվելուց հետո, նոր զույգը կարող է սկսել հանդիպել առանձին:
Նրանց համար, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, ավելի ինտիմ մակարդակի հասնելու համար անհրաժեշտ են երկարատև հարաբերություններ: Զույգը պետք է ամենաքիչը 1 տարի արդեն հանդիպելիս լինի:Հասարակական վայրերում միմյանց ձեռք բռնած քայլել կարելի է, եթե արդեն վաղուց հարաբերությունների մեջ են, սակայն համբույրներն անընդունելի են:
Սովորական զրույցների ժամանակ ընդունված չէ բացեիբաց խոսել սեքսի մասին: Ավանդական սկզբունքներից ելնելով սովորաբար կորեացիներն իրենց զույգին չեն տանում իրենց տուն, մինչև որ չցանկանան ամուսնանալ: Միասին գիշեր անց կացնելու համար զույգերը գնում են մոթելներ, որոնք Կորեայում հանդիպում են գրեթե ամեն անկյունում:
Նյութը հեղինակային է, կիսվելիս նշել աղբյուրը
~¤>Windie <¤~