Չհուսոքը կամ Բերքահավաքի տոնը Կորեայի ամենակարևոր և ամենաընտանեկան տոներից մեկն: Հնում այն անվանվել է Հանգավի (한가위), որը կորեերենից թարգմանված նշանակում է <<աշնան միջին մաս>>, քանի որ այդ ժամանակ բերքահավաքը հիմնականում ավարտված էր լինում և բոլորը նստում էին լի սեղանների շուրջ՝ երեք-չորս օր շնորհակալ լինելու առատ բերքի համար և ուրախանալու ընտանիքով: Այն սովորաբար նշվում է 8-րդ լուսնային ամսվա 15-րդ օրը, լիալուսնին: Այս տարի այն տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում:
Այս օրերին կորեացիները հավաքվում են ամբողջ ընտանիքով, այցելում գերեզմաններ, հարգում մահացած հարազատներին, պատրաստում սոնփհյոն (송편) բրձե բլիթիկները և բրձե ալկոհոլային ըմպելիքներ ինչպիսին են սշինդոջուն (신도주) և թոնթոնջուն ( 동동주 ):
Ամեն ինչ սկսվում է տոնի նախօրեին, երբ կորեացիները մասսայաբար տեղափոխվում են իրենց հայրենի վայրեր՝ ողջ Կորեայի տարածքով: Կորեայի տրանսպորտի ինստիտուտի հաշվարկներով, մոտ 40 մլն մարդ այդ օրը օգտվում է տրանսպորտից, մոտ 1մլն մարդ՝ Ինչհէոն օդանավակայանի ծառայություններից: Կարծում եմ այդ թվի մեջ մտնում են նաև մեծաքանակ զբոսաշրջիկները, որոնք հետքրքրված են կորեական այս ազգային տոնով: Նաև Չհուսոքից առաջ <<խաղաղ>> զբոսաշրջիկների խորհուրդ է
տրվում զերծ մնալ մնալ մեծ խանութներում, առևտրի սրահներում առևտուր անելուց, քանի որ այնտեղ մեղմ ասած ասեղ գցելու տեղ չի լինում: Տոնական օրերը Կորեայում ոչ աշխատանքային են, այնպես որ արդեն տոնի ընթացքում Սեուլի պես մեծ քաղաքները հիմնականում դատարկվում են:
Նախապատրաստական գործընթացներից ոչ միայն ուտելիքի և նվերների գնումն է, նաև տոնի խորհրդանիշ սոնփհյոն բլիթների պատրաստումն է: Սոնփհյոնը (송편) բրձի ալյուրով խմորի մեջ լոբազգիներով, քունջութի սերմով և համեմունքներով քաղցր միջուկով բլիթիկներ են: Սոնփհյոն պատրաստում են ողջ ընտանիքով, սիրով, հավեսով, ամենակարևորը ժպիտով: Կորեացիները հավատում են, որ ով կարողացավ սիրուն ու հարթ սոնփհյոն սարքել, նա գեղեցիկ, առողջ ու բարի կյանքի ընկեր և երեխաներ կունենա^^
Փորձեք դուք էլ պատրաստել սոնփհյոն՝ օգտվելով այս բաղադրատոմսից:
Նախապատրաստում. փուլ 2-րդ: Փիմ-ով (빔) արտահայտում են տոներին կամ կարևոր իրադարձություններին ընդառաջ նոր զգեստ հագնելու գաղափարը: Տարբերակում են սոլբիմ (설빔) և չհուսոքփիմ (추석빔). համապատասխանաբար Սոլլալի և Չհուսոքի առիթով նոր զգեստ հագնելը: Անգամ մեր օրերում Կորեայում տոներին ընդունված է հանբոք հագնել, ինչևէ առօրյա, բայց նոր հագուստը նույնպես ողջունվում է:
Նախապատրաստվելուց հետո, անցնենք Չհուսոքի հիմնական միջոցառումներին:
Տոնի գաղափարը ոչ միայն ուտել խմելն էլ, այլև նախնիների հիշատակը հարգելն է: Ընդհանրապես ասած Կորեայում մահացած հարազատների հոգիներին պատվում են տարին երկու անգամ Չհուսոքին և Սոլլալին: Դա սակայն չի նշանակում, որ մյուս բոլոր օրերին նրանց մոռանում են, խոսքը գերեզմաններ այցելելու և ծեսեր կատարելու մասին է, քանի որ շատերը ստիպված են աշխատել և ապրել հայրենի վայրերից հեռու:
Չհուսոքին յուրաքանչյուր կորեական ընտանիք պետք է կատարի երեք պարտադիր ծես:^^
Չհարյե (차례)
Ընտանիքն՝ հանբոքներով, հավաքվում է նախնիների պատվին գցված սեղանի շուրջ, որպեսզի հաճոյանան նախնիներին և օրհնանք ստանան: Սեղանի հյուսիսային կողմում դրվում են բրինձ և ապուր, հարավում՝ միրգ և բանջարեղեն, արևմուտքում ու կենտրոնում՝ մսային ուտեստներ, իսկ արևելքում՝ սոնփհյոնով ափսեն և խմիչք (մակկոլի, բրնձի գինի կամ սոջու):
Փոլչհո (벌초)
Ամբողջ ընտանիքն այցելում է նախնիների գերեզմաններ, և դրանք խոտից մաքրում:
Սոնմյո (성묘)
Ընտանիքի անդամներն իրենց հետ ուտելիք են բերում գերեզմաններ, որտեղ նրանք գլուխ են խոնարհում նախնիներին և “կիսում” ալկոհոլ նրանց հետ:
Սոնմյոն և Փոլչհոն կատարվում են իրար հետ գերեզմաններում, իսկ Չհարյեն՝ տանը, առավոտյան:
Լուսնային 15-րդ օրը, ինչպես հայտնի է, լիալուսին է: Ու հենց 8-րդ ամսվա 15-րդ օրը, երբ Չհուսոք է, երկնքում փայլում է տարվա ամենամեծ լուսինը: Չոնվոլ Թէբորըմի (առաջին լիալուսնի տոն) և Չհուսոքի ընթացքում ընդունված է պարել Քանգանսուլլէ (강강술래) կոչվող պարը: Այս շուրջպարը պարում են միայն կանայք, համեմում ազգային երգերով: Այն ունի մոտ 5000 տարվա պատմություն և ի սկզբանե եղել է լուսնին նվիրված հեթանոսական ծիսակարգի մի մասը. պարում էին պայծառ լիալուսնի ներքո՝ խնդրելով լուսնից առատ բերքահավաք:
Կա նաև այս պարի ծագման այլ լեգենդ, որի համաձայն Ի դինաստիայի գահակալության օրոք Կորեայի վրա հարձակված թշնամիներին շեղելու նպատակով, կանայք հագել են զինվորական զգեստներ, բարձրացել սար և շուրջպար բռնել այնտեղ: Այս հնարքի շնորհիվ թշնամին կարծել է, թե իր դիմաց մեծաքանակ զորք է կանգնած, ինչն էլ օգնել է Կորեային հաղթել պատերազմում: Այդ օրվանից այս շուրջպարը գրվել է որպես ռազմական հնարք:
Չհուսոքին աղջիկները պարում են, բայց տղաներն էլ պարապ չեն նստում: Տղաների համար բացվում է ավանդական ըմբշամարտի Սսիրըմի (씨름 ) մրցահարթակը: Հնում հաղթողներն ստանում էին մրցանակ թոփով կտորի, պարկով բրնձի կամ հորթի տեսքով, նաև փառք և ճանաչում: Մեր օրերում սահմանափակվում են ջերմ ծափահարություններով:
Իհարկե այս երկու խաղերով չէ, որ սահմանափակվում են Չհուսոքի ուրախությունները, երգ, պար, ժպիտներ, այլ հետաքրքիր խաղեր… Կարևորը ընտանիքի հետ միասին և բարձր տրամադրությամբ:
Այսպիսի հրաշալի տոն է Չհուսոքը, այնպես որ, եկեք մաղթենք իրար.
<<Չհուսոքին լավ ժամանակ անցկացրե՛ք:>>
추석 잘 지내새요!!
[Չհուսոք չալ չինէսեյո]
կամ
<<Չհուսոքը լավ անցկացրե՛ք:>>
추석 잘 보내새요~~
[Չհուսոք չալ փոնէսեյո]
^^Nya^^
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: