Կինը կորեական ընտանիքում հեղինակություն է: Տնային գործերը,օջախի ու ընտանեկան հարաբերությունների պահպանումը միշտ ընկած են կնոջ ուսերին: Միայն նրանից է կախված հանգիստը, ջերմությունն ու սերը, որը պետք է առկա լինի ցանկացած ընտանիքում:Ընտանիքի անդամների միմյանց ըմբռնելն ու հասկանալը նույնպես կախված է կնոջից, հենց ընտանիքի կինն է անում այն ամենը, որպեսզի ընտանիքում յուրաքանչյուր անդամ իրեն հարմարավետ զգա:
Մյուս կողմից ընտանիքի տերն ու գլուխը տղամարդն է, հեղինակություն, որին ենթարկվում են բոլորը: Նա չի խառնվում ընտանեկան կոնֆլիկտների մեջ, ամեն ինչ թողնելով կնոջ վերահսկողության տակ, ով անձամբ է լուծում բոլոր հարցերը: Բնականաբար լինում են իրավիճակներ, որոնք պահանջում են նաև տղամարդու միջամտությունը:
Կորեայում ամուսնական տարիքն աստիճանաբար բարձրանում է: Տղամարդկանց միջին ամուսնական տարիքը դարձել է 29, իսկ կանանցը՝ 26:
Ե՛վ աղջիկը, և՛ տղան, ամուսնանալիս հաշվի են առնում ծնողների կարծիքը:
Կորեայում ամուսնացած կանայք հիմնականում տնային տնտեսուհիներ են դառնում, կամ էլ աշխատում են կես աշխատանքային օր: Այնպես որ երեխաները մնում են մայրական հսկողության տակ: Կորեացի երեխաներն ի տարբերություն օտարերկրյա երեխաների՝ ավելի կապված են մոր հետ:
Կորեացիներն ընդհանրապես շատ երեխայասեր ժողովուրդ են: Երեխայի կամ թոռան մասին հարցը կարող է փափկեցնել նունիսկ ամենաչոր և դժկամ զրուցակցին: Ընտանիքում երեխան ամենաթանկն է, նրա ապագայի համար արվում է ամենահնարավորը:
Կորեական հասարակությունը (և ոչ միայն) բացառապես համոզված է, որ յուրաքանչյուրը պետք է իրեն կին/ամուսին գտնի այն բանից հետո, երբ արդեն ուսումն ավարտել է, գտել հիմնական աշխատանք, թեկուզ ոչ լավ վարձատրվող , բայց կարիերային աճի պոտենցիալով, և որ այդ ընտրությունը (ամուսնությունը) որպես օրենք պետք է ողջ կյանքի համար լինի: Կինը պետք է ստանա այնպիսի ուսում, որն ընդունված է տվյալ հասարակական շրջանակում:
Կորեական հասարակության մեջ ամուսնանալու ամենակարևոր նախապայմանը տղամարդու կայուն եկամուտն է:
Կորեայում ընդունված չէ ամուսնանալ, երբ ուսանող ես…Որոշ օրիորդական համալսարաններում դա արգելված է պաշտոնապես ! Իսկ սովորական համալսարաններում ուսանողները սեռից կախված հանրակացարաններում ապրում են տարբեր մասնաշենքերում:
Փողոցում, սրճարաններում , մասնավոր ուսումնական կենտրոններում չի կարելի ծանոթանալ աղջկա հետ՝ դա չգրված, բայց խիստ պահպանվող կանոն է: Հարց է առաջանում՝ լավ, որտե՞ղ ծանոթանալ վեր ի վերջո…ՊԱՏԱՍԽԱՆ – միակ հույսը կարաոկե, գիշերային ակումբները, բարերը, և մասնավոր խնջույքներն են…
Ինչպես արդեն նախկինում ասվել էր՝ միջին ամուսնական տարիքը կնոջ համար 25-27-ն է, իսկ տղամարդու համար 29-30:
Եթե տղամարդը/կինը արդեն երեսունն անց են, ապա դա արդեն լուրջ խնդիր է: Բոլորը մտածում են, որ ինչ-որ բան այն չէ:
Եվ այստեղ բոլոր ծանոթները, հարազատները, աշխատակիցները մինչև շեֆ՝ սկսում են մեր ՙՙծերունի ամուրու/պառաված օրիորդի՚՚ համար զույգ գտնել:
Հարցումների արդյունքում պարզվել է, որ կրթված տղամարդկանց 35% -ն է ինքնուրույն գտել իր կնոջը, իսկ մնացածը պարզապես ամուսնացել են ծանոթների, հարազատների առաջարկած թեկնածուի հետ: Իսկ միջնակարգ կրթություն ստացողների միայն 20%-ն է կարողացել ինքնուրույն կյանքի ուղեկից գտնել:
Արդյունքում Կորեայում գրեթե անհնար է հանդիպել 30-32 տարեկան ամուրի տղամարդկանց, և 28-30 տարեկան կանանց: (Եթե նույնիսկ աղջիկը գոբլինի քույրն է, կամ տղան Քվազիմոդոյի եղբայրը, միևնույն է՝ նրանք իրենց համար զույգ են գտնում) :
Հին ժամանակներում տղաները ամուսնանում էին 12, իսկ աղջիկները՝ 16 տարեկանում: Կինը միշտ ամուսնուց մեծ էր լինում: Կորեայի հեռավոր գյուղերում դեռևս պահպանվել է ծնված օրից նշանելու ավանդույթը: Հաճախ հարսնացուն ու փեսացուն, իմանալով միմյանց գոյության մասին, ապրում են առանց միմյանց հանիպելու և նոր հարսանիքի օրը նրանք կարողանում են տեսնել միմյանց:
Ավանդական կորեական հասարակությունը մինչ վերջին ժամանակները գրեթե չգիտեր, թե ինչ է սիրով ամուսնությունը: Երեխաների կյանքի ուղեկցին ընտրում էին ծնողները՝ առանց նրանց հարցնելու:
Վերջին ժամանակներս նոր մարդիկ սկսել են ազատ նայել կյանքին, սակայն մինչ օրս էլ զույգի հետ ծանոթությունը մեծ մասն իրականացվում է պրոֆեսիոնալ միջնորդի օգնությամբ, կամ էլ լավագույն դեպքում ընկերների միջոցով: Սակայն Կորեայում չամուսնացած աշխատակցի ՙՙհարցերը կարող է լուծել՚՚ նաև ղեկավարը՝ նրա համար անձամբ զույգ գտնելով…կկկ..ինչպիսի հոգատարություն 🙂
Քանի որ ամուսնությունը մեկ անգամ է և ողջ կյանքի համար , ապա կորեուհիները ավելի պրագմատիկ են մոտենում ամուսին ընտրելու գործին: Ի՞նչ սիրո մասին է խոսքը! Զգացմունքներին առանձնապես ուշադրություն չեն դարձնում : Մի կորեուհի ասել է՝ «Ե՛վ այն կինը, ով ամուսնացել է սիրելով, և՛ նա, ով ամուսնացել է հաշվարկով, 3-4 տարի անց նույն տիպի հարաբերությունների մեջ են լինում ամուսնու հետ: Եվ տարբերույթունը կայանում է նրանում, որ նա, ով ավելի լավ է մտածել, կարող է ավելի լավ առևտրի կենտրոններ այցելել,քան նա, ով զգացմունքներին է հետևել»:
Պետք չէ մոռանալ այն մասին, որ նրանք ապրում են մի հասարակությունում, որտեղ կինը շատ շանսեր չունի կարիերա անելու և կյանքի համար նորմալ գումար վաստակելու: Ամուսին ընտրելիս կորեուհին ընտրում է ոչ միայն մարդուն, ում հետ պետք է ապրի մինչև կյանքի վերջը, այլև կերակրողի, ում նյութական հաջողությունները և հասարակական դիրքը կլինեն նաև իր հաջողությունները և դիրքը:Այսպիսով ամուսնու ընտրությունը ամենակարևոր որոշումն է նրա կյանքում , և նման հարցում սխալվելը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ:
Ահա այդ պատճառով էլ ամուսին ընտրելիս ՙՙսեր՚՚ բառն աընդհանրապես դեր չի խաղում, ավելի մեծ ուշադրություն է դարձվում ծագմանը, առողջությանը, և կարիերային:
Չնայած ամուսնալուծությունների թիվը Կորեայում վերջերս աճում է (ինչպես ցանկացած երկրում), այնուամենայնիվ ապահարզանը համարվում է ամենատհաճ երևույթներից մեկը:
Բաժանվելով նախկին ամուսիններն իրենց դատապարտում են ոչ միայն ծուռ հայացքների, այլև ավելի մեծ տհաճությունների, որոնք նրանք պետք է հանդիպեն: Ամուսնալուծված տղամարդկանց համար դժվար է, իսկ կանանց համար գրեթե անհնար է կրկին ընտանիք կազմելը: Ամուսնալուծությունը ազդում է նաև կարիերայի վրա, քանի որ գրեթե բոլոր մեծ ընկերություններում և պետական կազմակերպություններում միշտ մի լավ մտածում են արժե՞ նման մարդու պատասխանատու գործի նշանակել, եթե նա նույնիսկ չի կարողացել պահպանել ընտանիքը:
Ամուսնալուծությունն ի զորու է կործանել պետական կամ քաղաքական գործչի, արտիստի, և նույնիսկ к-рор աստղի ողջ կարիերան և կյանքը:
Եթե արտասահմանում ամուսնությունների մոտ կեսն ավարտվում է ամուսնալուծությամբ, ապա Կորեայում դա կազմում է ընդամենը 10%-ից մի փոքր ավել:
Համաձայն վիճակագրության Կորեայում ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ ( 14% -ով ավել); իսկ աշխարհում տղաների ու աղջիկների ծննդի տարբերությունը միջինում 5% է կազմում: Այնպես որ մի 10 տար անց Կորեան հարսնացուների պակասորդի լուրջ խնդրի առաջ կկանգնի: Թերևս հիմա էլ հարսնացուները սկսել են ՙՙչհերիքել՚՚, և կորեացիների մի մասը կյանքի ուղեկից է փնտրում արտասահմանում:
~¤>Windie <¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Շատ հետաքրքիր նորություններ են, սակայն դուք ձեր էջում ավելացրել եք ձախ անկյունում լայքելու միջոցները , և դա ինձ շատ է խանգարում կարդալու համար .. ոչ մի կերպ չի անհետանում նույնիսկ լայքելուց հետո .. կխնդրեի որ տեղադրեիք մեկ ուրիշ անկյունում որպիսի չխանգարի կարդալուն
Շնորհակալություն, կաշխատենք ուղղել թերությունները^^