Հայերեն բալզամին, անգլերեն impatiens կամ touch-me-not, իսկ կորեերեն 봉선화 [փոն՛սոնվա] կոչվող այս գեղեցիկ ծաղիկները սիրո գաղտնիքն են թաքցնում:
Կորեացիները հավատում են, որ եթե մեկը փոնսոնհվայի ծաղկաթերթիկներով ներկի եղունգները և այդ ներկը մինչև առաջին ձյունը պահպանվի, ապա, առաջին ձյան հետ, նա կհանդիպի իր սիրուն: Ավելին, ասում են, որ հաստատ կամուսնանա այդ տարի:
Գործողությունը կատարվում է այսպես. վազում ենք անտառ – հավաքում ենք բալզամինի ծաղիկները – կավե տարրայի մեջ ծեծում ենք դրանք – անմիջապես քսում ենք եղունգներին կամ ներկանյութը խառնում շիբի և եփած բրձի հետ, հետո քսում եղունգներին – եղունգները փաթաթում լաթով կամ ցելոֆանով կամ ձեռքի տակ ընկած այլ հարմար չափսի տերևներով – սպասում մոտ յոթը ժամ:
Ձեռներեցների մտքից չի վրիպել նաև այս սնահավատության վրա փող աշխատելու գաղափարը: Կորեայում մեր օրերում արդեն խանութներում կարող եք գտնել փոնսոնհվայի ներկանյութ՝ փոշու տեսքով, որը ցանկալի արդյունքի է բերում մատներն ընդամենը 30 րոպեում: Ճիշտ է, որքանով է դա իսկական ծաղկի ներկանյութ, այլ ոչ թե քիմիական իմիտացիա, չեմ կարող հաստատ ասել:
Ժամանակն անցնելուց հետո եղունգները և դրանց հարակից մաշկը ներկվում է վառ նարնջագույն՝ անկախ սկզբնական ծաղիկի գույնից: Մաշկից գույնն անցնում է մի քանի օրվա ընթացքում, իսկ այ եղունգների գույնը պետք է աշխատել պահպանել մինչ ձմռան գալուստ, ավելի ճիշտ մինչ առաջին ձյունը: Դժվար պայման, սակայն, ավելի խելացիները գտել են հեշտ տարբերակ: Նրանք նախընտրում են ոտքերի եղունգները ներկել, քանի որ հավանականությունը, որ ներկն երկար կպահպանվի, ավելի մեծ է: Ի դեպ որոշ աղբյուրներ խորհուրդ են տալիս, լավագույն արդյունքի համար, նաև ծաղկի տերևներն էլ տրորել ծաղիկների հետ:
Մեկ այլ հավատալիք էլ գոյություն ունի <<այս թեմայով>>: Ասում են, որ փոնսոնհվայով ներկված վառ նարնջագույն եղունգները նաև չար ոգիներին են վախեցնում: Այնպես, որ կարծում եմ արժե փորձել: Եթե <<մեծ սեր>> չհանդիպեցիք, գոնե չար ոգիներից 100%-ով պաշտպանված կլինեք 😀
Բալզամինի ծաղկունքն առատ անձրևներից հետո է լինում, չնայած վաճառքում հանդիպում են նաև տնային տեսակները… Այնպես որ, ունեցեք այս գեղեցիկ ծաղիկը ձեր պատուհանագոգին: Այն կուրախացնի ձեզ իր չքնաղ ծաղիկներով, կվանի չար ոգիներին և գուցե օգնի հանդիպել ձեր մեծ սիրուն մյուս տարի^^
^^Nya^^
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: