Հին Քորյոյում գաղափարական ոլորտում գերակշռում էին բուդդիստականությունն ու կոնֆուցիոսականությունը: Կրթական ամբողջ համակարգը և պետական կադրերի պատրաստումը ամբողջությամբ գտնվում էր կոնֆուցիոսականության ազդեցության տակ: Բարձրագույն կոնֆուցիոսականության ակադեմիային զուգահեռ գոյություն ունեին նաև որոշ թվով պետական և մասնավոր դպրոցներ, որոնք ստեղծվել էին կոնֆուցիոսականների կողմից՝ սեփական նախաձեռնությամբ:
Քորյոյի ժամանակաշրջանում բուդդիզմը հասավ իր գերագույն ծաղկմանը: Բուդդիստական տաճարները հողակտորներ էին ստանում նույն հիմքի վրա, ինչ և պետական հաստատությունները, իսկ սանգհիների բարձրագույն կոչում ունեցողները այդ առումով հավասարազոր էին պետական պաշտոնյաներին: Բուդդիստական տաճաներն այդ ժամանակ մեծ հարստություններ ունեին, որոնք կիտվում էին վաների և մասնավոր անձանց բարեգործության հաշվին: Ի տարբերություն Սիլլա ժամանակաշրջանի՝ Քորյոյում վանականներն ակտիվ մասնակցություն ունեին քաղաքական կյանքում, նրանց զինված ջոկատները մասնակցում էին իշխանության համար պայքարին: Ժամանակի հետ բուդդիզմն սկսեց ավելի ու ավելի ենթարկվել կոնֆուցիոսականների հարձակմանը, որոնցից ամենաարմատականները պահանջում էին ոչ միայն զրկել սանգհային նյութական հիմքից, այլև ամբողջությամբ արգելել բուդդիստական ուսմունքը:
Քորյոյում զարգացման բարձր մակարդակի հասնան հումանիտար գիտությունները: Հոյություն ուներ հատուկ գործակալություն, որը պատմագրություն էր կազմում: Ստեղծվեցին այնպիսի նշանավոր ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Քիմ Բուսիքի “Սամգուք սագի”-ն (երեք թագավորությունների պատմագրությունները) և Իրյոնի “Սամգուք յուսա”-ն (երեք թագավորությունների մոռացված գործերը): Կալիգրաֆիկ մեթոդով հրատարակվել են Բուդդիստական “Մեծ մարմին” սուտրաների ավելի քան 6000 հատոր (Թէջանգյոն); 13-րդ դարում սկսել է օգտագործվել մետաղական շրիֆտը: Մեծ ձեռքբերումներ կային բժշկության, աստղագիտության մեջ և այլ գիտություններում:
Բուդդիզմը շարունակում էր խրախուսել գեղարվեստը, հատկապես քանդակը: Պալատականների ու պաշտոնյաների կարիքները հոգալու համար արտադրվում էին զգալի թվով բարձր գեղարվեստական շքեղության առարկաներ: Հատկապես հայտնի էր քորյոական ճենապակին: Քորյոյի ժամանակաշրջանում բարձր մակարդակի հասավ պալատական և այգիների ճարտարապետությունը:
Քորյո շրջանի խոշորագույն պոետն էր Լի Գյուբոն, ով մոտ 2000 ստեղծագործություններ է թողել (այդ թվում նաև արձակ ժանրի): Հայտնի էին նաև մի շարք պոետներ, սակայն նրանց ստեղծագործություններից շատ քիչ բան է հասել մեր օրեր: Լայն տարածում ունեին ժողովրդական երգերը: Մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ իրականացվում էին զանգվածային տոնախմբություններ, որտեղ կատարվում էին տարբեր երգեր ու պարեր: Երաժշտության ու պարի ոլորտում զգալի ներդրում է ունեցել Չո Յոնը, ով ապրել է 11-րդ դարում և ստեղծել է բազմաթիվ օրիգինալ պարեր:
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: