10-րդ դարի սկզբում Կորեական թերակղզու տարածքն իրենից ներկայացնում էր մարտադաշտ՝ Սիլլայից շեղված անկախ տիրապետողների համար, որոնցից ամենախոշորներն էին՝ Քյոնհվոնը, ով 892թ. հիմնադրել էր Հուբէքչէն, և Քունյոն, ով նույնպես իր տարածքները 901թ. անկախ թագավորություն հռչակեց:(904 թ. այն Մաջին անվանումը ստացավ, իսկ 911 թ.՝ Թհէբոն): Քունյոյի դաշնակիցներից առանձնանում էր Վան Գոնը, ով ազդեցիկ ընտանիքից էր, որը սկիզբ էր առել Սիլլա թագավորության խարխլման շրջանում և որի տիրապետության տակ էին Սոնակա շրջանի հողերը:
Քունյոյի արշավներին մասնակցելով , Վան Գոնն իրեն առաջադրեց որպես ընդունակ ռազմական ղեկավար և մեծ ճանաչում ստացավ Թհէբոնում: 918 թ. նա Քունյոյին գահընկեց արեց և հռչակեց Քորյո թագավորության ստեղծումը: Վան Գոնն ընդհանուր առմամբ մեկ հակառակորդ ուներ՝ Հուբէքչէն, քանի որ թուլացած Սիլլան խղճուկ գոյությունն էր պահպանում ու փորձում էր բարեկամական հարաբերություններ ստեղծել Վան Գոնի հետ (920թ. նրանց միջև համաձայնություն կնքվեց, 931թ. Վան Գոնն անձամբ այցելեց Սիլլա, այնուհետև դեսպան ուղարկեց նվերներով): 935թ. վերջին սիլլայական վանը սեփական կամքով հանձնվեց Վան Գոնի տիրապետությանը, իսկ արդեն հաջորդ տարում վերջապես վերացվեց Հուբէքչէն. և այդպիսով ավարտվեց երկրի միավորումը: Նոր թագավորության մայրաքաղաք հռչակվեց Սոնաքը, որը այնուհետև վերանվանվեց Քէգեն (ժամանակակից Քէսոնը):
Մի քանի տասնամյակ ծախսվեց, որպեսզի ամբողջությամբ վերացվեին տեղական տիրակալների սեպարատիստական ձգտումները: Վան Գոնին ենթարկվելու դեպքում հիմնականում նրանց տարածքներն իրենց էին մնում: 10-րդ դարի 80-ականներին վերջապես ամբողջ երկրում մտցվեց միասնական վարչական համակարգ:
Այդ ժամանակ հյուսիսից Քորյոյի վրա կախվեց վտանգը: 946 թ. կիդանական Լյաօ կայսրությունը գրավեց Հյուսիսային Չինաստանը: Գրավելով Ամնոկկան գետի ավազանում բնակվող ջուրջէն ցեղերին, քիդանները հասան Քորյոյի սահմանին:Քորյոյի տիրակալները մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին երկիրը պաշտպանելու համար: Կառուցվեցին նոր ամրոցներ, ուժեղացվեց կայազորը: Միևնույն ժամանակ նրանք խուսափում էին քիդանացիներին պատերազմի առիթ տալ, պահպանելով չեզոք դիրք Լյաօի ու սունական Չինաստանի միջև:
Սակայն 993 թ. քիդաններն անցան Ամնոկկան գետն ու ներխուժեցին Քորյոյի սահմաններից ներս: Փոնսանի շրջանում քորյոական զորքը ոչնչացնելով նրանք դուրս եկան Չհոնչհոնգան գետի մոտ և անցան այն, բայց ավելի հարավ շարժվելով լուրջ պարտություն կրեցին և ստիպված էին խաղախության բանակցություններ վարել: Գրավված քորյոական հողերից քիդանները ստիպված էին հրաժարվել, բայց Քորյոն պարտավորվում էր խզել հարաբերությունները քիդանների թշնամի Սուների հետ: Նույն տարում քիդանները լքեցին Քորյոյի սահմանները, և շուտով Սուների հետ հարաբերությունները վերականգնվեցին: Հյուսիսային սահմանը սկսեցին ամրացնել:
1009 թ. Մոքչոն վանը գահընկեց արվեց ռազմական ղեկավարներից մեկի կողմից: Քիդաններն անմիջապես օգտվեցին իրավիճակից, և կրկին՝ 1010 թ. ներխուժեցին Քորյո: Հընհվանջինի անհաջող պաշարումից հետո քիդաններն ուղղվեցին երկրի խորքը և Թհոնջուի մոտ որոշիչ ճակատամարտում ավերեցին քորյոական զորքը: 1011 թ. քիդանները թալանեցին մայրաքաղաք Քէգյոնը (պալատական ընտանիքները փախան Նանջու): Այդ ընթացքում գրավված տարածքում շարունակվում էր դիմադրությունը, և քիդանները, հնարավորությւոն չունենալով ճնշել այն, սկսեցին նահանջել:
1014 թ. Քորյոյի իշխանությունը գրավվեց ռազմական ղեկավարների խմբի կողմից: Շուտով, 1018 թ., տեղի ունեցավ երրորդ քիդանական արշավանքը: Հընհվանջինի մոտ մարտից հետո նրանք արշավեցին ՔԱէգյոնի վրա, սակայն մի շարք մարտերում պարտություն կրելով, կրկին ստիպված էին նահանջել: Նահանջելիս նրանք լիովին ջախջախվեցին Քունջուի մոտ: Դրանից հետո քիդանները թողեցին Քորյոն գրավելու փորձերը և նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին:
Քորյոն իր առավելագույն բարգավաճմանը հասավ 11-րդ դարում, հատկապես՝ Մունջոն վանի ղեկավարման տարիներին (1047-1082): Հենց նա ստեղծեց այդ վարչական համակարգը, որը գոյատևում էր համարյա 2.5 դար: Դա կենտրոնացման ու պետական հողերի սեփականաշնորհման սկզբունքների հաղթանակման(Քորյոյի ստեղծման հետ վերականգնվեց) ժամանակն էր:Սակայն արդեն 12-րդ դարի սկզբներին սկսեցին հայտնաբերվել պետության թուլացման նշաններ և պետական հողային ֆոնդի կրճատումներ: Պետական պաշտոնյաների թվի աներևակայական աճի պատճառով բարձրացավ նրանց ծառայողական տեղաբաշխման տրման դադարեցման հարցը: Պաշտոնյաների հիմնական մասի նյութական բարեկեցությունը, կարգավիճակը սկսեցին ընկնել:
Միևնույն ժամանակ շատ հողեր որպես պարգևներ բաժանվեցին “արժանավոր բարձրաստիճաններին”,կամ գրավվեցին վաների բարեկամների կողմից, ովքեր չէին կատարում ղեկավարման ոլորտում իրենց իրական ֆունկցիաները: Արդյունքում կտրուկ ուժեղացան ունեցվածքային տարբերությունները պաշտոնյաների հիմնական զանգվածի ու բարձրաստիճան պալատականների միջև, ինչը բերեց սուր հակասությունների ղեկավարական դասում: Սրացան նաև հակասությունները ռազմական դասի (պակաս լիազորված) և քաղաքացիական պաշտոնյաների միջև, մայրաքաղաքային և վարչաշրջանային ազնվականների միջև: Իրավիճակն ինքնին բարդացավ նաև խոշոր հողատերերի ու գյուղացիների միջև, որոնց հատկացումները զավթում էին (ինչպես և մանր պաշտոնյաների ծառայողական հողերը):
Ուժեղացված հարկային բեռը (մեծամասամբ հարկահավաքների կամայական պահանջների հաշվին) և ծանրացված աշխատանքային ենթարկումը բերեցին գյուղացիների աղքատացմանը: Որոշ հողագործների փախուստն ավելի էր բարդացնում նրանց վիճակը, ովքեր մնում էին՝ կապված փոխադարձ պատասխանատվության հետ:Վերջին հաշվով այս ամենը բերեց պետության եկամուտների կրճատման: Միաժամանակ հայտնվեցին հզոր ընտանիքներ, ովքեր սերում էին ոչ ղեկավար դասից, ովքեր գրավելով պետական հողերն իրենց գյուղացի աշխատավորների հետ միասին, ոչ միայն իրենց ձեռքում էին կենտրոնացնում մեծ հարստություններ, այլև մեծ քաղաքական կշիռ էին ստանում: Քիչ հող չէր պատկանում նաև տաճարներին: Ընդհանուր առմամբ 11-12-րդ դարերում մեծ աճ ստացավ խոշոր մասնավոր հողատիրությունը: Շատ խոշոր հողատերեր ունեին իրենց զինված դասակը:
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Չոսոնի մասին էլ կգրե՞ք
այո, Քորյոն վերջացնենք Չոսոնին էլ կանդրադառնանք 🙂
Gogureoyi masin el kgreq?