Դաս 10 Հաշվողական համակարգեր (մաս 2): Ժամադրվում ենք

դասՇարունակում ենք, մեր ճանապարհորդությունը թվականների խառը աշխարհում:
Այսօր “կժամադրվենք” մեր կորեացի ընկերների հետ , այսինքն՝ կսովորենք ժամանակի հետ կապված հաշվողական բառերը, այն է՝ ինչպես կորեերեն ասել ամսաթիվ, ժամ, նաև հեռախոսահամար:

 

***
Սկսենք ամսաթվից:
Ամսաթվերը նշելու համար կորեերենում օգտագործում են սինոկորեական թվականները: Գրելու (արտասանելու) կարգն այսպիսին է.
տարեթիվ, ամսաթիվ,  օր
Իհարկե օգտագործվում են օժանդակ (հաշվելի) բառեր, ընդ որում՝ թվականը գրվում է օժանդակ բառից առաջ: Դրանք են.
년        [նյոն]              տարի
월        [վոլ]                ամիս
일        [իլ]                  օր

Օրինակ՝
2015թ. օգոստոսի 14
2015년  8월  14일 – 이천십오년  팔월  십삼일
[իչհոնս(շ)իբօնյոն փհարվոլ ս(շ)իփսսամիլ]
Բառացի կթարգմանվի որպես 2015 թվականի 8-րդ ամսի 14-րդ օրը:

***
Այսպիսով, մոռանում ենք մեր իմացած ստանդարտ հռոմեական ամսանունները և սովորում ենք կորեական “թվային” ամսանունները:

Ահա դրանք.

հունվար              –           일월, 정월 [իրվոլ, չոն՛վոլ]

փետրվար           –           이월 [իվոլ]

մարտ                   –           삼월 [սամվոլ]

ապրիլ                  –           사월 [սավոլ]

մայիս                   –           오월 [օվոլ]

հունիս                 –           유월 [յուվոլ]*

հուլիս                  –           칠월 [չհիրվոլ]

օգոստոս             –           팔월 [փհարվոլ]

սեպտեմբեր       –           구월 [քուվոլ]

հոկտեմբեր        –           시월 [ս(շ)իվոլ]*

նոյեմբեր             –           십일월 [ս(շ)իբիրվոլ]

դեկտեմբեր        –           십이월 [ս(շ)իբիվոլ]

*Թե ինչու՞ են հունիս և հոկտեմբեր ամիսների գրության մեջ թվականները փոփոխվում, չգիտեն անգամ կորեացիները, ինչպես միշտ, ամեն ինչի “մեղավորը” հնչողության ներդաշնակությունն է… ավելի փափուկ է հնչում xD
***
Սակայն, ուշադրությու՛ն, եթե դուք ուզում եք ասել “մեկ ամիս”, “երեք ամիս”, ապա պետք է օգտագործել.
ա.ծագումով կորեական 달 [թալ] ամիս բառը՝ ծագումով կորեական թվականների հետ:
Օրինակներ՝
մեկ ամիս – 한 달,
երեք ամիս – 세 달
(եթե հիշում եք, 달-ը նաև “լուսին” է նշանակում, պոետիկ թարգմանելիս կստացվի “երեք լուսին…”):

բ. հաշվելի 개 բառերը՝  սինոկորեական թվականների հետ
Օրինակներ՝
հինգ ամիս -오 개 월,
տասներեք ամիսը – 십삼 개 월:

 

***
Անցնենք երկրորդ, ոչ պակաս խճճված մասին: Հաշվենք ժամերն ու րոպեներն ու վայրկյանները…

Ժամը նշելու համար օգտագործվում են ծագումով կորեական թվականները, րոպեն և վայրկյանը՝ սինոկորեական թվականները: Կիրառվում են հետևյալ բառերը (թվականը գրվում է օժանդակ բառից առաջ).
시        [սի]                  ժամ7b69f008119bda3597b5bd3fe8db4692
분        [փուն]             րոպե
초        [չհո]                վայրկյան
Օրինակ՝
հինգն անց տասնչորս րոպե քսանհինգ վայրկյանը կլինի
다섯시  십사분  이십오초
[թասոսսի ս(շ)իփսսիբուն իս(շ)իբոչհո]

Այստեղ կատարեմ հիշեցում նախորդ դասից, 분 [փուն] հաշվելի բառը օգտագործվում էր մարդկանց քանակը նշելու համար (հարգալից տարբերակում): Տարբերելու համար “րոպե”-ից գործում է նույն կանոնը, ինչ 번-ի դեպքում. ծագումով կորեական թվականների հետ հասկանում ենք “մարդ”, սինոկորեականների հետ՝ “րոպե”:
오분                [օբուն]                        հինգ րոպե
다섯분            [թասոպուն]             հինգ մարդ
***
Նաև կարող եք օգտագործել “4-ին 15 պակաս” արտահայտությունը “3-ն անց 45-ի” փոխարեն վերջում ավելացնելով 전 [չոն] մինչև բառը:
Օրինակ՝
4시 15분전  – 네시 십오분전 [նեսի ս(շ)իբոբունջոն]
***
“Կես ժամ” գաղափարը արտահայտելու համար օգտագործում են 반 [փան] բառը:
Օրինակ՝
6 անց կես
여섯시 반       [յոսոսսի փան]
***
Կորեայում գործում է 12 ժամանոց համակարգ, հետևաբար օգտագործվում են հատուկ բառեր.
오전    [օջոն] օրվա առաջին կեսի համար (am)
오후    [օհու]  օրվա երկրորդ կեսի համար (pm)
Օրինակներ՝
ժամը՝ 3-ը                  –           오전세시[օջոնսեսի]
ժամը՝ 15:00-ն           –           오후세시[օհուսեսի]
***
Իսկ այ ժամանակահատված ցույց տալու համար օգտագործվում է 시간 [ս(շ)իգան] և 동안 [թոն՛ան] օժանդակ բառերը “-վա ընթացքում” իմաստով:
Օրինակ
3 ժամվա ընթացքում                       –           세 시간 동안[սե ս(շ)իգան թոն՛ան]
3 ժամ 10 րոպեյի ընթացքում         –           세 시간 십분 동안[սե ս(շ)իգան ս(շ)իպուն թոն՛ան]

 

***
Իհարկե չենք մոռանում, որ ժամ և տեղ պայմանավորվելու համար մեզ անհրաժեշտ են հեռախոսահամարները: Դրանք գրելու համար օգտագործվում են միայն սինոկորեական թվականները: Կարդացվում են ամերիկյան ձևով՝ 2-5-6, ընդ որում վերջին գծիկը հաճախ կարդացվում է 에 [ե]:
Օրինակ՝ 010-123-456
공일공 일이삼에 사오육 [քոն՛իլգոն՛ իրիսամե սաօրյուք]

***
Որպես տնային աշխատանք, փորձեք կորեերեն գրել և տեղադրել ձեր ծննդյան օրը ^^ Ովքեր նախորդ դասը բաց են թողել, ապա այն այս հղումով է: Նորեկների համար ամեն ինչ սկսվում է առաջին դասից ^^ Իսկ “հնեկների” համար ճանապարհը բաց է դեպի հաջորդ դաս:

 

Կորեերենի դասերը հեղինակային են: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

 

8 Replies to “Դաս 10 Հաշվողական համակարգեր (մաս 2): Ժամադրվում ենք”

  1. Ամիսները՝ շատ հեշտ է սովորել…սինոկորերեն հաշվողական թվերն են, ուղղակի թվի վերջում ավելացնում ես ՛՛վոլ՛՛ այսինքն ամիս օժանդակ բառը…
    Հետաքրքիր է ճիշտ եմ գրել 2016թ. հունիսի 21-ը
    իչհոնս(շ)իբյուքնյոն չհալվոլ սըմուլիիլ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!